2 Kings 15
1 Իսրայելի Հերոբովամ արքայի թագավորության քսանյոթերորդ տարում թագավորեց Հուդայի Ամասիա արքայի որդի Ազարիան։
2 Նա տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Հեքեղիա էր, նա Երուսաղեմից էր։
3 Ազարիան իր հայր Ամասիայի նման ըստ ամենայնի բարի գործեր կատարեց Տիրոջ առջև,
4 բայց բարձունքների մեհյանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
5 Տերը պատուհասեց թագավորին, և նա բորոտ դարձավ մինչև իր կյանքի վերջը։ Նա առանձին տան մեջ էր բնակվում։ Արքունի տան վրա իշխում և երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Հովաթամը։
6 Ազարիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
7 Ազարիան գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովաթամը։
8 Հուդայի արքա Ազարիայի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հերոբովամի որդի Զաքարիան։ Նա վեց ամիս թագավորեց Սամարիայում։
9 Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
10 Նրա դեմ գլուխ բարձրացրին Հաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայությամբ հարվածեցին նրան ու սպանեցին։ Նրա փոխարեն թագավորեց Սեղղումը։
11 Զաքարիայի մնացած գործերը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
12 Այս է այն խոսքը, որ Տերն ասել էր Հեուին. «Քո որդիներից միայն մինչև չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայելի գահին»։ Եվ այդպես էլ եղավ։
13 Հաբիսի որդի Սեղղումը թագավորեց Հուդայի երկրի արքա Ազարիայի թագավորության երեսունութերորդ տարում։ Սեղղումը Սամարիայում թագավորեց մեկ ամիս։
14 Գադդիի որդի Մանայեմը դուրս եկավ Թերսայից, մտավ Սամարիա, Սամարիայում հաղթեց Հաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարենը թագավոր նստեց։
15 Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դավադրությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
16 Այն ժամանակ Մանայեմը հարձակվեց Թերսայի վրա և այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնվող բոլորին սպանեց, հղի կանանց արգանդը պատռեց, որովհետև նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները։
17 Հուդայի արքա Ազարիայի թագավորության երեսունիններորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Գադդիի որդի Մանայեմը։ Նա տասը տարի թագավորեց Սամարիայում։
18 Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
19 Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։
20 Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայելի բոլոր հարուստների վրա հարկ դրեց, ամեն մեկից հիսունական սիկղ արծաթ վերցրեց։ Ասորեստանի թագավորը հետ դարձավ. չմնաց երկրում։
21 Մանայեմի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
22 Մանայեմը գնաց իր նախնիների գիրկը։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Փակեիան։
23 Հուդայի երկրի արքա Ազարիայի թագավորության հիսուներորդ տարում Փակեիան թագավորեց Իսրայելի վրա։ Նա տասը տարի թագավորեց Սամարիայում։
24 Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
25 Նրա դեմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակեեն՝ իր զորապետը։ Նա հարվածեց նրան Սամարիայում՝ արքունի տան առաջ։ Նրա հետ էին Արգոբը և Արիեն, ինչպես նաև չորսհարյուրյակի միջից հիսուն հոգի։ Սպանեց նրան և նրա փոխարեն ինքը թագավորեց։
26 Փակեիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
27 Հուդայի արքա Ազարիայի թագավորության հիսուներկուերորդ տարում թագավորեց Ռոմելիայի որդի Փակեեն։ Նա Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց քսան տարի։
28 Նա Տիրոջ առջև չարություն գործեց, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
29 Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
30 Եղայի որդի Օվսեեն դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, խփեց ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը թագավորեց Ոզիայի որդի Հովաթամի թագավորության քսաներորդ տարում։
31 Փակեեի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
32 Իսրայելի թագավոր Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության երկրորդ տարում թագավորեց Հուդայի արքա Ոզիայի որդի Հովաթամը։
33 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնվեց տարի իշխեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Հերուսա էր, նա Սադովկի դուստրն էր։
34 Հովաթամը ըստ ամենայնի արդար գտնվեց Տիրոջ առջև, այնպես, ինչպես իր հայր Ոզիան,
35 միայն թե նա բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։
36 Հովաթամի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
37 Այդ օրերին Տերը Հուդայի դեմ սկսեց ուղարկել ասորիների արքա Ռասոնին և Ռոմելիայի որդի Փակեեին։
38 Հովաթամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնի Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աքազը։